«Գրական տապան» փառատոնի շրջանակում ֆրանսիացի հանրաճանաչ գրող Բերնար Վերբերը ներկայացրեց իր պատմվածքների ժողովածուն, որը պետական պատվերով վերջերս թարգմանվել է հայերեն և հրատարակվել։ Վերբերը համարվում է ամենից շատ ընթերցվող հեղինակներից մեկը: Նրա գրքերը թարգմանվել են 35 լեզուներով և վաճառվել ավելի քան 20 միլիոն տպաքանակով: Դեռևս 1991-ին գրած նրա առաջին վեպը՝ «Մրջյունները», Ֆրանսիայում և աշխարհի մի շարք երկրներում ունեցել է ակնթարթային հաջողություն: Հայաստանյան հանդիպման ժամանակ նա ասաց, որ ավարտել է իր նոր գիրքը, որը երազանքների մասին է: Կտպագրվի հոկտեմբերին: Գրքի վերնագիրը դեռ որոշված չէ:
-Դուք արժանացել եք Ժյուլ Վեռնի մրցանակին: Նրա կանխատեսումներից շատերն իրականացան: Կարելի է ասել, որ գրողները գրում են մարդկության պատմությունը: Եվ այն, ինչ նրանք կանխատեսում են, ի վերջո, իրականություն է դառնում:
-Կարծում եմ, երբ գրողը գրում է ապագայի մասին, պետք է առաջարկի ձևեր, թե ինչպիսին կարող է լինել այն: Նա վստահ չէ, որ իր առաջարկները կիրականանան, բայց առաջարկում է իր պատկերացումները, իր տարբերակները:
-Ասել եք, որ մարդկությունն առայժմ «ինչու» է ասում, բայց ապագան, կասկած չկա, նրանցն է, ովքեր «ինչպես» հարցը կտան: Ձեր գրքերը բեսթսելլեր են ոչ միայն Ֆրանսիայում, այլև ամբողջ աշխարհում: Հաջողության գաղտնիքն այն է, որ Դուք փորձում եք տալ «ինչպես» հարցի պատասխանը:
-Այո, ճիշտ եք, երբ մենք ասում ենք «ինչու», հետո հիասթափվում ենք, իսկ երբ ասում ենք «ինչպես», մենք պետք է մտածենք: «Ինչպես»-ը հնարավորություն է, դեպի ապագա գնալու ևս մի տարբերակ, իսկ «ինչու»-ն անցյալում զբոսնելու մի ձև է:
-Փարիզի քաղաքապետի որոշմամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ ժամը 22-ին Էյֆելյան աշտարակի լույսերը ժամանակավորապես հանգչեցին՝ խորհրդանշելով Փարիզի սգո տուրքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Իբրև գրող ինչպիսի զգացողություն ունեք: Կան երկրներ, որ պարզապես չեն ընդունում Ցեղասպանության փաստը:
-Հայերն ու ֆրանսիացիները միշտ բարեկամ ազգեր են եղել, «Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ապրիլի 24-ին Երևան այցելեց նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Մենք Ֆրանսիայում շատ լավ գիտենք ցեղասպանության մասին, դպրոցներում անցնում ենք դրա մասին: Մենք Ֆրանսիայում ունենք ճշմարտությունն իմանալու իրավունք:
Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ